Դանիայի կառավարությունը երկու կիբերհարձակումների մեջ մեղադրել է ռուսական պետության հետ կապ ունեցող հաքերային խմբերին։ Այդ մասին դեկտեմբերի 19-ին տեղի ունեցած ասուլիսում հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Տրոելս Լունդ Պոուլսենը։
Նրա խոսքով՝ Դանիան մտադիր է այդ կապակցությամբ ԱԳՆ հրավիրել Ռուսաստանի դեսպանին։
Առաջին կիբերհարձակումը տեղի է ունեցել անցյալ տարվա վերջին՝ ջրի մաքրման ձեռնարկության դեմ։ Պաշտպանության նախարարի խոսքով՝ հարձակմանը հաջորդել են ջրատար խողովակների պայթյուններ, ինչի հետևանքով կարճ ժամանակով խաթարվել է բնակելի շենքերի ջրամատակարարումը։ Դանիայի իշխանությունները այդ հարձակումը կապում են պրոռուսական Z-Pentest խմբի հետ։
Երկրորդ միջադեպը գրանցվել է այս տարվա նոյեմբերին՝ Դանիայում կայացած տեղական և տարածաշրջանային ընտրություններից առաջ։ Կիբերհարձակման հետևանքով ժամանակավորապես անհասանելի են դարձել մի շարք քաղաքական կուսակցությունների, համայնքների, պետական հաստատությունների և մեկ պաշտպանական ընկերության կայքերը։ Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է պրոռուսական NoName057(16) խումբը։
Դանիայի ռազմական հետախուզության ծառայության ղեկավար Թոմաս Արենքիլը հայտարարել է, որ իրենք լիովին վստահ են՝ հարձակումները իրականացրել են ռուսական պետության հետ կապ ունեցող խմբեր։
Կոպենհագենում նշել են, որ նախատեսում են ուժեղացնել երկրի պաշտպանությունը նման հարձակումներից։