Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է երկխոսություն վարել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ, РИА "Новости" լրատվական գործակալությանը ասել է Կրեմլի խոսնակը:
«Նա [Մակրոնը] ասել է Պուտինի հետ զրուցելու պատրաստակամության մասին: Այստեղ շատ կարևոր է, հավանաբար, հիշել, թե ինչ ասաց նախագահը ուղիղ գծում: Նա նույնպես պատրաստակամություն հայտնեց երկխոսություն վարել Մակրոնի հետ: Այդ իսկ պատճառով, եթե փոխադարձաբար կա քաղաքական կամք, դա կարելի է միայն դրական գնահատել», - հայտարարել է Դմիտրի Պեսկովը:
Պուտինի խոսնակը հավելել է, թե երկու պետությունների ղեկավարների հնարավոր շփումները պետք է լինեն միմյանց դիրքորոշումները հասկանալու փորձ, այլ ոչ թե դասախոսություն:
«Պուտինը միշտ պատրաստ է բացատրել իր դիրքորոշումները, բացատրել իր զրուցակիցներին մանրամասնորեն, անկեղծորեն և հետևողականորեն», - վստահեցրել է ՌԴ նախագահի խոսնակը:
Այս տարվա հուլիսին Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները երեք տարվա մեջ առաջին հեռախոսազրույցն են ունեցել: Նրանք քննարկել են ուկրաինական հակամարտությունը, Թեհրանի և Թել Ավիվի միջև էսկալացիան, ինչպես նաև Իրանում միջուկային օբյեկտներին ամերիկյան հարվածները: Կողմերը պայմանավորվել են կապ պահպանել Մերձավոր Արևելքի առնչությամբ դիրքորոշումները համակարգելու համար, նշում է ТАСС-ը: