Միացյալ Նահանգների և Ուկրաինայի բանակցությունների նոր փուլը կանցկացվի դեկտեմբերի 19-ին և 20-ին Մայամիում: Այդ մասին ասուլիսի ժամանակ հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:
Նշելով, որ ռուս - ուկրաինական հակամարտությունը հնարավոր է կարգավորել միայն դիվանագիտական ճանապարհով, Ռուբիոն ասել է, որ դիվանագիտական կարգավորումը ենթադրում է փոխադարձ զիջումներ, երբ երկու կողմերն էլ «ինչ-որ բան տալիս են և ինչ-որ բան ձեռք բերում»: Միացյալ Նահանգների խնդիրն է, ըստ նրա, հասկանալ, թե «ինչ կարող են կորցնել Ռուսաստանը և Ուկրաինան և ինչ են նրանք ակնկալում ստանալ»: Ընդ որում, ընդգծել է պետքարտուղարը, որոշումն ընդունելու են Մոսկվան և Կիևը, իսկ Վաշինգտոնը հանդես է գալիս որպես միջնորդ:
«Կարծում եմ՝ մենք հասել ենք առաջընթացի, սակայն դեռ շատ բան պետք է արվի: Ակնհայտ է, որ բարդագույն խնդիրները միշտ վերջինն են լուծվում», - նշել է Ռուբիոն:
Մայամիում Ուկրաինայի և ԱՄՆ պատվիրակությունների անցկացնելիք խորհրդակցությունների մասին հայտնել է նաև Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը:
Axios-ի լրագրողը հայտնել էր, որ քննարկումներին կարող են մասնակցել նաև Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ազգային անվտանգության հարցերով խորհրդականները, ինչպես նաև Թուրքիայի արտգործնախարարը և Կատարի վարչապետը: Այդուհանդերձ, "РБК-Украина"-ի աղբյուրները չեն հաստատել Թուրքիայի և Կատարի ներկայացուցիչների մասնակցությունը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ խաղաղ գործընթացը «ինչ-որ բանի մոտենում է», և նշել, թե Ռուսաստանը կարող է փոխել դիրքորոշումը Ուկրաինայի՝ որոշակի հարցերում փոխզիջումների գնալ չցանկանալու պատճառով:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Վաշինգտոնը Մոսկվային առաջարկել է «որոշակի փոխզիջումներ», և որ Ալյասկայում հանդիպման ժամանակ Ռուսաստանը «համաձայնեցրել է և գործնականում համաձայնել է» ԱՄՆ նախագահի առաջարկներին:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ հայտնել է, որ Մոսկվան պատրաստվում է Վաշինգտոնի հետ շփումների՝ հասկանալու, թե ինչպես է փոխվել ամերիկյան պլանը Կիևի հետ համաձայնեցնելուց հետո: Politico-ն գրել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ ներկայացուցիչների հնարավոր բանակցությունները կարող են անցկացվել դեկտեմբերի 20-21-ը Մայամիում: Այնտեղ ռուսական և ուկրաինական պատվիրակությունների ուղիղ շփումներ չեն ծրագրվում: