Մատչելիության հղումներ

Պուտին. Ռուսաստանը պատրաստ է խաղաղ կարգավորման՝ հիմնվելով 2024-ին ներկայացված սկզբունքների վրա


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տարեվերջյան ասուլիսի ժամանակ, Մոսկվա, 19-ը դեկտեմբերի, 2025թ.
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տարեվերջյան ասուլիսի ժամանակ, Մոսկվա, 19-ը դեկտեմբերի, 2025թ.

Ռուսաստանը պատրաստ է խաղաղ ճանապարհով կարգավորել ուկրաինական խնդիրը՝ հիմնվելով 2024-ին ներկայացված սկզբունքների վրա, որոնք կվերացնեն հակամարտության հիմնապատճառները, տարեվերջյան ասուլիսին հայտարարել է Ռուսաստանի նախագահը: Մոսկվան, սակայն, չի հավատում, որ Կիևը պատրաստ է խաղաղության շուրջ բանակցությունների, ասել է Վլադիմիր Պուտինը:

«Դեռ իսկապես չենք տեսնում նման պատրաստակամություն: Նրանք այն ժամանակ էլ չէին ցանկանում: Եվ Ստամբուլի բանակցությունների արդյունքներով նախ համաձայնեցին, գրեթե ստորագրեցին, հետո աղբարկղը նետեցին բոլոր պայմանավորվածությունները», - նշել է Պուտինը:

Կրեմլի ղեկավարն ասել է, թե, այդուհանդերձ, ազդակներ են ստանում, որ Կիևը պատրաստ է ինչ-որ երկխոսության: Պուտինը նաև հայտնել է, որ Ալյասկայի հանդիպումից առաջ Վաշինգտոնը խնդրել է փոխզիջումների գնալ, և Ալյասկայում ԱՄՆ նախագահի հետ հանդիպմանն ինքը համաձայնել է դրանց: Թե ինչ զիջումների մասին է խոսքը, Պուտինը չի նշել՝ հավելելով, որ հիմա «գնդակը Արևմուտքի և Ուկրաինայի դաշտում է»: Ռուսաստանի առաջնորդը նաև պնդել է, թե ուկրաինական զինուժը «նահանջում է բոլոր ուղղություններով»:

Մինչ այդ, Դոնալդ Թրամփը, անդրադառնալով Ռուսաստանի և ԱՄՆ ներկայացուցիչների՝ շաբաթավերջին Մայամիում նախատեսված հանդիպմանը, ասել էր, որ կողմերը «մոտ են ինչ-որ բանի հասնելուն», և հույս էր հայտնել, որ Ուկրաինան արագ կգործի, քանզի ամեն անգամ Կիևը հապաղում է, իսկ Մոսկվան այդ ընթացքում փոխում է միտքը:

Ու մինչ Պուտինը պնդում է, թե Ուկրաինան պատրաստ չէ բանակցությունների, իսկ Թրամփը հայտնում է հնարավոր առաջընթացի մասին, Եվրամիության առաջնորդները երեկ մոտ 16 ժամ քննարկումից հետո չեն կարողացել համաձայնության գալ ռուսական սառեցված ակտիվների հաշվին Ուկրաինային վարկ տրամադրելու առաջարկի շուրջ: Փոխարենը համաձայնել են առաջիկա երկու տարիներին Ուկրաինային 90 միլիարդ եվրո անտոկոս վարկ տրամադրել ԵՄ բյուջեից։ Ընդ որում, նախաձեռնությանը չեն միացել Հունգարիան, Սլովակիան և Չեխիան։

Եվրահանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ Եվրոպան ունի մեկ հստակ նպատակ՝ արդար և երկարատև խաղաղություն Ուկրաինայի համար։ Ուրսուլա ֆոն դեր Լայենի խոսքով՝ իրենց նպատակն էր լուծել Ուկրաինայի հրատապ ֆինանական կարիքների հարցը։

«Եվ ես շատ ուրախ եմ ասել, որ մենք դա արեցինք։ Մենք ձեռք ենք բերել համաձայնություն, որ կարող ենք բավարարել Ուկրաինայի ֆինանսավորման կարիքները հաջորդ երկու տարվա համար», - նշել է ԵՀ նախագահը:

Եվրոպական խորհրդի նախագահն ասել է, որ Ուկրաինան այս վարկը կմարի միայն այն ժամանակ, երբ Ռուսաստանից փոխհատուցում ստանա հասցված վնասի դիմաց: Նաև ԵՄ-ն պահպանում է վարկը մարելու նպատակով ռուսական սառեցված ակտիվներն օգտագործելու իրավունքը, ասել է Անտոնիու Կոշտան՝ հավելելով, որ նաև համաձայնել են երկարաձգել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։

«Մեր նպատակը պատերազմը երկարաձգելը չէ։ Իրականում, այսօրվա որոշումները կարևոր ներդրում են Ուկրաինայում արդար և տևական խաղաղության հասնելու գործում, քանզի Ռուսաստանին բանակցությունների սեղանի շուրջ բերելու միակ ուղին Ուկրաինային ուժեղացնելն է», - պնդել է Կոշտան:

ԵՄ-ն այս որոշմամբ ապացուցեց, որ հասկանում է աշխարհաքաղաքականության մարտահրավերները, որոնց բախվում է այսօր, հայտարարել է Գերմանիայի կանցլերը: Ֆրիդրիխ Մերցի խոսքով՝ կա համաձայնություն, որ եթե մինչև վարկի մարումը Ռուսաստանը որևէ փոխհատուցում չվճարի Ուկրաինային, ապա ԵՄ-ն ռուսական ակտիվները կօգտագործի այդ նպատակով:

«Սակայն առավելությունն այն է, որ մենք այժմ կարող ենք օգտվել եվրոպական փորձված և ստուգված գործիքներից և Ուկրաինային տրամադրել անհրաժեշտ օգնությունը՝ առանց որևէ հետաձգման։ Միևնույն ժամանակ, պարզ է, որ Ռուսաստանն առայժմ հետ չի ստանա իր սառեցված ակտիվները», - հայտարարել է Մերցը:

Պատերազմի սկսվելուց հետո Եվրոպան ռուսական 210 միլիարդ եվրո ակտիվ է սառեցրել, դրանից 185 միլիարդը պահվում է Բելգիայում, որը դեմ էր դրանց հաշվին Ուկրաինային վարկ տրամադրելուն՝ չցանկանալով միայնակ ստանձնել իրավական և ֆինանսական հնարավոր ռիսկերը։ Բելգիայի վարչապետն ասել է, որ այս որոշմամբ Եվրոպան պաշտպանեց իր տնտեսական և ֆինանսական հեղինակությունը՝ ապացուցելով, որ միասնական է:

«Մենք խուսափեցինք քաոսից, խուսափեցինք պառակտումից, Եվրոպան մնում է միասնական, և այսօր միասնությունը նշանակում է, որ Եվրոպան շարունակում է կարևոր դեր խաղալ աշխարհաքաղաքական սեղանի շուրջ», - հայտարարել է Բարտ դե Վևերը:

Հունգարիայի վարչապետը, որը չի միացել նախաձեռնությանը, ասել է, թե սա չափազանց վատ որոշում է, որը Եվրոպային է՛լ ավելի է մոտեցնում պատերազմին։ Վիկտոր Օրբանը նաև թերահավատ է, որ Ուկրաինան երբևէ կվերադարձնի վարկը:

«Տպավորություն է, թե վարկ է: Բայց ուկրաինացիները, իհարկե, երբեք չեն կարողանա այն վերադարձնել։ Այնպես որ, դա, ըստ էության, կորած գումար է։ Եվ դրա պատասխանատվությունը և ֆինանսական հետևանքները կկրեն նրանք, ովքեր կանգնած են այդ վարկի ետևում», - հայտարարել է Օրբանը:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ ասելով, որ դա զգալի աջակցություն է և կամրապնդի Ուկրաինայի դիմակայունությունը:

Այս ֆոնին Ռուսաստանն ու Ուկրաինան դիեր են փոխանակել: Ռուսաստանը փոխանցել է 1003, Ուկրաինան՝ 26 զինծառայողի դի:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG