Մատչելիության հղումներ

Ռուսաստանում դավաճանության և լրտեսության հոդվածներով դատավճիռների թիվը 2025-ին ռեկորդային է


Դատավորների աթոռները ռուսաստանյան դատարանում, արխիվ
Դատավորների աթոռները ռուսաստանյան դատարանում, արխիվ

Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր Ռուսաստանի դատարանները հազարից ավելի դատավճիռներ են կայացրել պետական դավաճանության և լրտեսության հոդվածներով: Անցնող տարում կայացվել է նման 468 դատավճիռ՝ բացարձակ առավելագույն թիվը 1997 թվականից ի վեր, երբ ուժի մեջ է մտել Ռուսաստանի քրեական օրենսգիրքը: 1997-ից մինչև 2022-ի փետրվարի 24-ը՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումը, կայացվել է այդպիսի 196 դատավճիռ: Այս տվյալներն են հրապարակված "Первый отдел" («Առաջին բաժին») իրավապաշտպան նախագծի պատվերով Parubets Analytics անկախ ասոցիացիայի անցկացրած հետազոտության մեջ:

Ըստ հետազոտության՝ լանամասշտաբ պատերազմի սկզբից ի վեր պետական դավաճանության, լրտեսության և գաղտնի համագործակցության հոդվածները Ռուսաստանում վերածվել են քաղաքական բռնաճնշումների առանցքային գործիքներից մեկին:

2025-ի դեկտեմբերի 10-ի տվյալներով՝ «լրտեսական» հոդվածներով մեղադրվողների ընդհանուր թիվն է առնվազն 1627, նրանց մեկ երրորդը՝ 564 մարդ, Ուկրաինայի քաղաքացիություն ունեն:

Անցնող տարում բացի 468 դատապարտվածներից ևս առնվազն 420 մարդու նկատմամբ հիշյալ հոդվածներով քննություն է իրականացվում, 179-ի վերաբերյալ նյութերն ուղարկվել են դատարան: Արդարացման դատավճիռներ այդպիսի գործերով չեն եղել, մեղադրյալներից 4-ին դատապարտել են ցմահ ազատազրկման, 6-ն ուղարկվել են հարկադիր հոգեբուժական բուժման, երեք դատապարտյալներ մահացել են բանտում:

Մեղադրանքները գրեթե միշտ առաջադրվում են պետական գաղտնիքին հասանելիություն չունեցող անձանց, որպես ապացույց օգտագործվում են սադրիչների հետ շփումները, նվիրաբերումները, ինչպես նաև հանցագործություն կատարելու ենթադրյալ մտադրությունները: Նման գործերի քննությունն իրականացվում է որպես կանոն փակ ռեժիմով, ասված է հետազոտության մեջ:

Մեղադրյալների ամենամեծաթիվ խումբը քաղաքական գործունեության հետ որևէ կապ չունեցող ռուսաստանցիներն են՝ ՏՏ մասնագետներ, դասախոսներ, ձեռնարկությունների աշխատակիցներ, ձեռնարկատերեր: Մեծությամբ երկրորդ խմբում Ուկրաինայի քաղաքացիներն են՝ հիմնականում օկուպացված տարածքների բնակիչներ, երրորդում հակապատերազմական և հասարակական ակտիվիստներ, ակադեմիական հանրության ներկայացուցիչներ են:

2024-ից «լրտեսական» գործերով միջին պատժաչափը 12-ից հասել է 15 տարվա: Պետական դավաճանության գործով անցնող ամենաերիտասարդ անձը կալանավորման ժամանակ 17 տարեկան էր, ամենատարեցը 80 տարեկան է:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG